Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, ելույթ ունենալով Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի հարցով կոնֆերանսի ժամանակ, դիմել է իսրայելցիներին և պաղեստինցիներին: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
«Առաջին հերթին նստեք բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Պանետան:
Նրա խոսքերով, բանակցություններից հրաժարվելը կարող է հանգեցնել Իսրայելի մեկուսացմանը, այդ պատճառով անհրաժեշտ է կապեր հաստատել մյուս կողմի հետ: BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պաշտպանության նախարարը Իսրայելին կոչ է արել «բարեկամական հարաբերություններ» հաստատել Թուրքիայի, Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ, որպեսզի նվազեցնի իր աճող մեկուսացումը:
Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հնարավոր է, սակայն այն լինելու է «ծայրահեղ դեպքում»: Նրա խոսքերով, Իրանի դեմ գործողությունները կարող են ուժեղացնել տարածաշրջանում վարչակարգի դիրքերը, վատացնել ԱՄՆ իմիջը և լուրջ վնաս հասցնել ԱՄՆ և Եվրոպայի տնտեսությանը:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր հարձակումներին, Պենտագոնի ղեկավարը հավաստել է, որ իրենք չեն վերացնում վտանգը, այլ միայն մեկ-երկու տարով հետաձգում են իրանական ռազմական ծրագիրը:








































