Թեհրանում Բրիտանիայի դեսպանատան վրա իրագործված հարձակման պատճառով Լոնդոնից վտարված իրանցի դիվանագետները այսօր վերադարձել են հայրենիք, հայտնել է IRNA պաշտոնական լրատվական գործակալությունը:
Associated Press-ը գրում է, որ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում 20 դիվանագետներին և նրանց ընտանիքներին դիմավորելու համար մոտավորապես 150 պահպանողական էր հավաքվել` ձեռքներին ծաղկեշղթաներ: Բայց Իրանի կառավարությունը դիվանագետներին դիմավորելու մեծ ցուցադրություն չի արել` ըստ երևույթին փորձելով ավելի չվատթարացնել դրությունը:
Երեքշաբթի օրը Թեհրանում բրիտանական դեսպանատան և բնակելի համալրի վրա հարձակումը ավելի է խորացրել Իրանի մեկուսացումը, որն առաջացել է Իրանի միջուկային ծրագրի պատճառով Արևմուտքի հետ գրեթե մեկ տասնամյակ տևող առճակատման հետևանքով:
Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները Թեհրանից ետ էին կանչել իրենց դեսպաններին, իսկ Իտալիան և Իսպանիան հանդիպում էին անցկացրել Իրանի դիվանագետների հետ` հարձակումը դատապարտելու համար:











































