Սամվել Նիկոյանին առաջադրելով ԱԺ նախագահի պաշտոնում՝ իշխանությունները նրան երախտագիտություն են հայտնում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում չարած իր գործերի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:
«Նիոկյանն իր չարած գործերի համար պաշտոնի բարձրացում է ստանում՝ սկզբում ԱԺ փոխխոսնակ, հիմա էլ արդեն Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունն է ներկայացնում ԱԺ նախագահի պաշտոնում: Սրանով Սերժ Սարգսյանը միանշանակ պարգևատրում է Սամվել Նիկոյանին Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում չարած իր գործերի համար»,- նկատեց Սարգիս Քլոյանը:
Նա նաև նշեց, որ սպանությունների բացահայտման առումով ոչ մի լավ բանի չի սպասում: «Ինչ կարո՞ղ եմ սպասել Մարտի 1-ի էջի հիմնական կոծկող Նիկոյանից: Սպանությունները չեն բացահայտվի, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Այն ճյուղը, որի վրա նստած են, իշխանությունը երբեք չի կտրի»,- նկատեց Գոռ Քլոյանի հայրը՝ հավելելով, որ իշխանությունները ոչ մի անգամ իրենց խոստումների տերը չեն եղել:
«Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր թափ հաղորդել Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, իմիտացիոն բնույթ կրեց, մի խոսքով` Սամվել Նիկոյանը, Սերժ Սարգսյանը, ԱԺ մյուս կարկառուն դեմքերը միայն ու միայն իրենց իշխանական շահերն են պաշտպանում»,- ամփոփեց Սարգիս Քլոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի դեկտեմբերի 1-ի նիստում որոշում է կայացվել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Նա այժմ խորհրդարանի փոխնախագահն է, նաև` ԱԺ նախագահի պաշտոնակատարը:
Որոշվել է նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանի թեկնածությունը:









































