ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը Մարտին Սկորսեզեի «Հյուգո» ֆիլմը ճանաչել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Սկորսեզեին` լավագույն ռեժիսոր:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, «Հյուգո» ֆիլմը Մարտին Սկորսեզեի առաջին մանկական ֆիլմն է և միաժամանակ նրա առաջին փորձը 3D ֆորմատում: Ֆիլմը ժամանակային առումով տեղափոխվում է 20-րդ դարի 30-ական թվականներ: Այն պատմում է ժամագործի անտուն որդու մասին, որն ապրում է Փարիզի կայարաններից մեկում: Նա փորձում է նորոգել հորից ժառանգություն մնացած մեխանիկական տիկնիկը: Փարիզում իր երջանկության փնտրտուքների ժամանակ Հյուգոն ընկերանում է Ֆրանչեսկայի հետ, և նրանք միասին շարունակում են իրենց կախարդական արկածները:
Ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրացել նոյեմբերի 23-ին և հավաքել 17 միլիոն դոլար:
Կինոքննադատների կարծիքով՝ լավագույն դերասանը Ջորջ Քլունին է: Խորհուրդը նշել է նրա դերը «Ժառանգներ» ֆիլմում (The Descendants): Լավագույն դերասանուհու կոչմանն է արժանացել Թիլդա Սուինթոնը, որը «Մենք պետք է խոսենք Քևինի մասին» (We Need to Talk About Kevin) ֆիլմի գլխավոր հերոսուհին էր:
Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Գոր Վերբինսկու «Ռենգոն», իսկ արտասահմանյան ֆիլմ` իրանցի Ասղար Ֆարհադի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը»: Այս ֆիլմը արտասահմանյան ֆիլմերի անվանակարգում Օսկարի ամենաուժեղ հավակնորդն է:
Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունենալու Նյու Յորքում 2012 թվականի հունվարին:










































