Կարատեի աշխարհի չեմպիոն Վադիմ Տոնոյանն իր Audi TT ավտոմեքենայով Մոսկվայում վրաերթի է ենթարկել 20-ամյա Մարիա Գորդեևային և դիմել փախուստի:
Ըստ news2.ru կայքի՝ ականատեսների օգնությամբ ոստիկանությունը շուտով հայտնաբերել է մեքենան և գտել է տիրոջը։ Վադիմը խոստովանել է, որ ինքն է վրաերթի ենթարկել աղջկան։
Տուժածի վիճակը չափազանց ծանր է: Բժիշկները ախտորոշել են բաց գանգոսկրային կոտրվածք:
Չեմպիոնի հայրը՝ Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Խորեն Տոնոյանը, ասել է, թե իր որդին մեղավոր չէ, քանի որ աղջիկը փողոցն անցել է կարմիր լույսի տակով և հեռախոսով խոսելով։ Սակայն, ըստ ոստիկանների, փողոցի այդ հատվածում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, լուսացույց չկա։
Վադիմ Տոնոյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Հարազատների խոսքերով՝ 20-ամյա չեմպիոնը գտնվում է շոկային վիճակում։
Հարուցվել է քրեական գործ։