Եգիպտոսում «հունվարի 25-ի հեղափոխությունից» հետո ընդհատակից դուրս եկած իսլամիստական շարժումները հովանավորվում են Իրանի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից: Այս տեղեկությունը, ըստ եգիպտական Al-Ahram պարբերականի, տարածել են իսրայելական հատուկ ծառայության աշխատակիցները:
Ըստ այդ տեղեկությունների` իսլամիստներին ֆինանսավորում է հատկացվում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի անձնական ֆոնդից, իսկ Կատարի և Սաուդյան Արաբիայի իշխող ընտանիքները ֆինանսավորում են Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում որպես անկախ թեկնածուներ հանդես եկող իսլամիստներին:
Եգիպտոսում, չնայած վերջին օրերին սրված դրությանը, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նախատեսված օրը` նոյեմբերի 28-ին:
Հատկանշական է, որ երկրի խոշոր իսլամիստական կազմակերպությունը` «Մուսուլման եղբայրները», հրաժարվել է մասնակցել երեքշաբթի տեղի ունեցած «միլիոնների երթին»` իրավիճակն ավելի չսրելու համար: Փոխարենը թատերաբեմ են փորձում բարձրանալ այլ սալաֆիական ուղղություններ: