Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Լոնդոնում ելույթ ունենալով բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի կոնֆերանսում, հայտարարել է, որ եվրոպական առաջնորդների անվճռականությունը սպառնալիքի տակ է դնում ողջ ԵՄ-ի ամբողջականությունը, իսկ համարձակ որոշումներ ընդունելու քաղաքական կամքի բացակայությունը հանգեցնում է եվրոգոտու ճգնաժամի էլ ավելի խորացմանը.
«Դժբախտաբար, այդ ճգնաժամում խախտվել է բարոյական հատուցման սկզբունքը. ոչ մի երկիր չի պատժվել դեֆոլտով իր անպատասխանատու գործողությունների համար։ Այժմ այդ ձախողված տնտեսությունները կարող են խորտակել ԵՄ-ը։
Ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ի հայտ գալուց 4 տարի անց համաշխարհային տնտեսությունը թևակոխել է նոր վտանգավոր փուլ։ Եվրոգոտու երկրների և ԵՄ-ի անդամ երկրների միջև տարբերությունն այնքան ահռելի է, որ իրատեսական վտանգ է ներկայացնում ԵՄ-ի ամբողջականությանը։
Ներկայումս համաշխարհային տնտեսությունը մշտապես ենթարկվում է տնտեսական ահաբեկչության, իրավիճակն ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, և աշխարհը կհայտնվի դեպրեսիայի մեջ»։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Jones Lang LaSalle միջազգային քոնսալթինգային ընկերությունն իր զեկույցում նշել էր, որ 2011-2015 թվականներին Թուրքիայի տնտեսությունը շարունակելու է պահպանել եվրոպական երկրների թվում իր առաջատար դիրքը՝ հանդիսանալով ամենաարագ զարգացող տնտեսությունը։











































