Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում հայտնաբերվել է բարձրորակ նավթ։ Այն հայտնաբերվել է «Քոշելեր 2» հանքահորում։
Նշվում է, որ հայտնաբերված նավթի ստույգ որակը հայտնի կդառնա միայն փորձաքննությունից հետո։ Չնայած դրան, նավթը հայտնաբերած աշխատակիցները հայտարարել են, որ իրենց առաջին անգամ է հանդիպում նմանատիպ բարձրորակ նավթ, ինչը կարելի է օգտագործել առանց վերամշակման։
Նավթը հայտնաբերվել է 3850 մետր խորության վրա։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նավթային ու գազային պաշարները կսպառվեն մինչև 2030 թվականը։
Թուրքիայի նավթային պաշարները կսպառվեն 17 տարի անց: Թուրքիայի հասանելի նավթային պաշարները գնահատվում են 291.5 միլիոն բարել (43.14 միլիոն տոննա), իսկ գազային պաշարները՝ 6.2 միլիարդ խորանարդ մետր:
Նախորդ տարի Թուրքիայում արդյունահանվել է 2.5 միլիոն տոննա նավթ և 726 միլիոն խորանարդ մետր գազ: Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում նավթի արդյունահանումը նվազել է 3.2 տոկոսով:
Փորձագետների հաշվարկով, Թուրքիայի նավթային պաշարները կսպառվեն առաջիկա 17.3 տարիների ընթացքում, իսկ գազային պաշարները` 8.6 տարվա ընթացքում:








































