Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը նոյեմբերի 22-23-ը Երևանում կկազմակերպի հայ և թուրք գործարարների համաժողով:
Ինչպես տեղեկացնում է «Ազատությունը», միջոցառումը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը նախատեսում է հրավիրել ավելի քան 3 տասնյակ գործարարների, որոնք ներկայացնում են Թուրքիայի տարբեր քաղաքների բիզնես ոլորտները, այդ թվում` թեթև արդյունաբերություն, շինարարություն, կահույքագործություն, հանքային արդյունաբերություն, ոսկերչություն և առևտուր:
Միջոցառման ընթացքում Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Թուրքիայից ժամանած առանձին գործարարների հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում տեղի կունենա նաև Թուրքիայից հրավիրված մասնակիցների արտադրանքի նմուշների ցուցադրություն:
Նախատեսվում է համագործակցության հուշագրերի ստորագրում հայկական և թուրքական գործարար կառույցների, ինչպես նաև գործարար կանանց կազմակերպությունների միջև՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկու երկրների միջև գործարար համագործակցությունը զարգացնելու նպատակով:










































