Արդեն մեկ շաբաթ է` ջրամատակարարման նվազագույն շեմը 12 ժամ է: Այս մասին նշեց «Երևան-ջուր» ՓԲԸ հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը:
Ըստ Գ. Մարգարյանի` պաշտոնական տեղեկատվության համաձայն, նվազագույն ջրամատակարարումը մայրաքաղաքում 6 ժամ է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Երևան ջուր» ընկերությունը ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասցրել է 8 ժամի, իսկ արդեն նախորդ շաբաթվա ընթացքում սպառողներն անցել են նոր ժամանակացույցի`12 ժամվա:
Անդրադառնալով սպառողների դժգոհություններին և տարաձայնություններին` նա տեղեկացրեց, որ սպառողները առավելապես բողոքում են մի քանի համայնքների ներքին ցանցից, սակայն ներքին ցանցը «Երևան-ջուր» ընկերությանը վարձակալությամբ հանձնված չէ, այսինքն` ներքին ցանցի հետ կապված խնդիրները պետք է լուծեն համատիրությունները, որոնց տրամադրության տակ է այն:
Բանախոսը հայտնեց, որ ջրամատակարարման խնդիրներ ունեն հետևյալ թաղամասերը` Նորագյուղը, Սարի-թաղի և Նորք-Մարաշի բարձրադիր հատվածները:
«Այս տեղանքներում առկա են լրացուցիչ ներդրումներ պահանջող տեխնիկական բնույթի խնդիրներ, սակայն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում նշված տարածքները նույնպես կունենան պատշաճ ջրամատակարարում»,- նշեց Գագիկ Մարգարյանը: