Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների առաջնորդները բանակցություններ են վարել Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովին. բանակցությունները վերաբերել են Հարավ-չինական ծովի կղզիների պատկանելությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամերիկացի պաշտոնյան շաբաթ օրը հայտարարել է, որ զրույցին մասնակցել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն` չնայած մինչ այդ Պեկինը մերժել էր մասնակցել վիճելի տարածքների հարցի քննարկմանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչ այդ Վեն Ցզյաբաոյի հետ բարձրացրել էր այդ հարցը, սակայն չինացի վարչապետը հայտարարել էր՝ այդ խնդիրները պետք է քննարկվեն միայն այն երկրների միջև, որոնք ներգրավված են այդ վեճում:
Հարավ-չինական ծովի հյուսիսային մասում Պարասելյան կղզիների պատկանելությունը վիճարկում են Չինաստանը, Վիետնամը և Թայվանը: Սպրատլի կղզեախմբի նկատմամբ, բացի վերը թվարկված երեք պետություններից, հավակնություններ ունեն նաև Ֆիլիպինները, Մալայզիան և Բրունեյը:










































