Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հետևել է երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությանը, որում դատաքննվել է 17 տարի առաջ Մինասյանների ընտանիքի սպանությունը։
Մինասյանների ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին նշել է. «Տարիներ առաջ տեղի է ունեցել մեծ ոճիր, երբ սպանել են Ձեր ընտանիքի անդամներին։ Սակայն արդարությունը հաղթեց։ Սա ատենակալների մասնակցությամբ առաջին դատավարությունն է։ Մենք շատ մտահոգված էինք, և ես մեծապես կարևորում եմ այդ դատավարության արդարացի ավարտը։
Չնայած ատենակալներից երկուսը դեմ էին, այնուամենայնիվ նրանց մեծամասնությունը մարդասպանին մեղավոր ճանաչեց։ Ձեր ընտանիքի անդամների հետ դաժան հաշվեհարդար տեսած անձինք չպետք է անպատիժ մնան։ Նրանց մեծ մասն արդեն ողջ չէ, իսկ մյուս մասը՝ դատապարտված։ Ինձ համար դա նշանակում է, որ արդարությունը մշտապես հաղթում է։ Արդարությունը մեր կողմն էր, ես վստահ էի դրանում»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 15-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ բացահայտել է Թբիլիսիում բնակվող Մինասյանների ընտանիքի անդամների 17-ամյա վաղեմության դաժան սպանության աղմկահարույց գործը։
Նշվում էր, որ հատուկ դաժանությամբ աչքի ընկած այդ հանցավոր խմբի կազմակերպիչն ու ղեկավարը Վախթանգ Գվրիտիշվիլին է, իսկ անդամներն են Գեորգի Օտարաշվիլին, Գելա Կավտարաձեն, Ռևազ Դեմետրաշվիլին, Ալեքսանդր Ռևազիշվիլին և ներկայումս հանգուցյալ Մալխազ Մոդեբաձեն։ Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը 14-ամյա ազատազրկման է դատապարտել Ռևազ Դեմետրաշվիլիին։
Այս խմբավորումը նախապես իմացել է, որ Մինասյանների ընտանիքը բավական ունևոր է, և 1994 թվականի հունվարի 18-ին առևանգել է 19-ամյա Վազգեն Մինասյանին՝ նրա ազատ արձակման համար պահանջելով 150,000 դոլարի փրկագին։ Վազգեն Մինասյանին 10 օր փոսում, ապա տներից մեկում պահելուց հետո հանցավոր խմբավորումը, ստանալով 15,000 դոլարի փրկագին, ազատ է արձակել նրան։
Մինասյանների ընտանիքը խոստացել էր մնացած գումարը փոխանցել մոտակա օրերին։ Չնայած դրան, որպեսզի գործը հնչեղություն չստանա, հանցագործները սպանեցին Նշան Մինասյանին, նրա կնոջը՝ Ֆլորա Մինասյանին և նրանց որդուն՝ Վազգեն Մինասյանին։









































