Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Պոպովկինը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ֆրանսիան ֆրանսիական Կուրու տիեզերակայանից Союз հրթիռի հաջող թողարկումից հետո պայմանագիր են ստորագրել 21 Союз հրթիռի շինարարության վերաբերյալ:
Ինչպես գրում է Известия պարբերականը, գործարքը հրթիռ և նրա բաղադրատարրեր արտադրողներին ապահովելու է հինգ տարվա աշխատանքով: Հրթիռները նախատեսված են լինելու Կուրուից թռիչքներ կատարելու համար: Պոպովկինը հրաժարվել է նշել գործարքի գինը:
Անհրաժեշտ է նշել, որ տիեզերական դաշնային գործակալության ծրագրի շրջանակներում մեկ Союз 2.1б տիպի հրթիռի արժեքը 2012 թվականի գներով 1 միլիարդ 90 միլիոն ռուբլի է, իսկ Фрегат-ի վերին փուլն արժե 353.2 միլիոն ռուբլի:
Եթե ենթադրենք, որ եվրոպացիներին այդ ագրեգատները վաճառվում են ավելի թանկ, քան Ռուսաստանի տիեզերական գործակալությանը, ապա ստացվում է, որ մեկ հրթիռը արժենալու է 1.5 միլիարդ դուբլի: Պարբերականը նշում է, որ պայմանագրի ընդհանուր գումարը կկազմի 32 միլիարդ ռուբլի, որը Ռուսաստանի տիեզերական տեխնիկայի համար իր պատմության մեջ արտահանման մատակարարման ամենաթանկ պայմանագիրն է:
Պոպովկինի խոսքերով, «Ուրալ» նախագծի շրջանակներում ռուս և ֆրանսիացի մասնագետները զբաղվելու են նոր սերնդի հրթիռների մշակմամբ, որը փոխարինելու է Союз-ին:
Կողմերը պայմանավորվել են Ժելեզնոգորսկում համատեղ կառուցել նոր տիպի արբանյակներ:











































