Կառավարության կայքում տեղադրված է Արդարադատության նախարարության ստացած` ֆաքսով ուղարկված մի գրություն, որտեղ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը սպառնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Գրության մեջ մասնավորապես ասվում է, որ եթե կառավարությունը 2 օրում չկատարի իր պահանջները, այն է` չվավերացնի հոկտեմբերի 15-ին ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի 2-րդ նիստի որոշումները, ապա ինքը կդիմի ծայրահեղ քայլերի` հանրությանը կիրազեկի կառավարության կատարած անօրինականությունների մասին:
«Կամ վավերացնում եք իմ՝ ՀՌԱԿ ատենապետիս օրինական լիազորությունները, կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն: Տեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»,- նամակում սպառնում է Հ. Առաքելյանը:
Նամակում մասնավորապես ասվում է, որ իր ձեռքի տակ կան փաստեր, որոնց միջոցով կկարողանա ապացուցել, թե ուր է անհետացել «Նաիրիտի» 35 միլիոն դոլարը: Նա գրում է, որ շատ բան գիտի թե՛ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, թե՛ նրա եղբայրների զբաղեցրած պաշտոնների ու արարքների մասին:
«Աստված տա, որ չվավերացնեք իմ ատենապետությունը»,- սպառնում է Հ. Առաքելյանը:
Նամակին կցված ՀՌԱԿ-ի հանդեպ կազմակերպված անօրինականությունների մասին հայտարարության մեջ վերջինս պնդում է, որ ՀՌԱԿ վարչությունն անցած 4 ամիսներին անօրինական գործողությունների է ենթարկվել ՀՀ դատախազության, մշակույթի, արդարադատության նախարարությունների ու ոստիկանության կողմից:
Վերջինիս խոսքով` «Ազգ» օրաթերթում տպագրված անստորագիր նամակի հիման վրա ՀՌԱԿ հանրապետական վարչության անդամները զանգվածային հարցաքննության են ենթարկվել ՀՀ դատախազության կողմից:
«Վերը նշված սանձարձակության քարոզիչ է հանդես գալիս «Ազգ» օրաթերթի տնօրեն Հակոբ Ավետիքյանը, որը «Ազգում» փողոցային արտահայտություններով լեցուն վիրավորական հոդվածներ է տպագրում ՀՌԱԿ-ի ղեկավարության և նրա երկարամյա ատենապետ Հարություն Առաքելյանի դեմ»,- գրում է վերջինս` հայտարարելով, որ անօրինականությունների հեղինակների անուններն իրեն քաջ հայտնի են, ու նրանցից ոչ ոք չի խուսափելու պատասխանատվությունից:











































