«Իհարկե՝ այո»,- այսպես է պատասխանել ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակ Սոնա Տռուզյանը «ՀԺ»-ի հարցին, թե ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013-ը՝ իր լիազորությունների ավարտը:
«Տեղեկություններ կան սակայն, որ Հովսեփյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը, ներկայացրել Սերժ Սարգսյանին, և դրա մասին կհայտարարվի ավելի ուշ»:
«Սուտ է»,- այդ տեղեկության կապակցությամբ ասել է Սոնա Տռուզյանը:
«Այնինչ, իշխանական խոհանոցում արդեն նշվում է ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը: Ըստ որոշ տեղեկությունների` Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս անունը այդ պոստի համար հոլովվում է դեռ վաղուց: Բայց այս ընթացքում Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել: Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսվել եկող շաբաթվանից. ՀՀԿ վերնախավը երեկ իզուր չէր երկուսուկես ժամ առանձնացել փակ դռների ետևում: Համենայնդեպս, մինչև Ամանոր իշխանության ներսում լուրջ վերադասավորումներ են սպասվում: Այս իմաստով սկզբունքային է մնում գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի և Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզպետների հարցը»,- հավելում է թերթը:










































