Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզն անդրադարձել է Nabucco գազատարի նախագծի իրագործմանը.
«Թուրքիան արել է ամեն անհրաժեշտ բան՝ Nabucco նախագծի իրագործման համար։ Թուրքիան այդ ուղղությամբ գործադրել է բավականաչափ և, կարելի է ասել, դրանից էլ ավելի ջանքեր։ Այժմ թող եվրոպացիները մտածեն Nabucco-ի նախագծի իրագործման մասին, եթե, իհարկե, Nabucco-ն անհրաժեշտ է նրանց։
Ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի նախագծի իրագործումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Nabucco-ի համար։ Եվրոպայի գազային պահանջարկը գերազանցում է 700 միլիարդ խորանարդ մետրը։ Եվրոպան զգում է ինչպես «Հյուսիսային հոսք» գազատարի, այնպես էլ Nabucco-ի» կարիքը։
Յըլդըզն ընդգծել է, որ 2035 թվականին էներգակիրների պահանջն աճելու է 1/3-ով։
Հիշեցնենք, որ Աշգաբադ կատարած այցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն վստահություն է հայտնել, որ Nabucco-ի վերաբերյալ բանակցությունները հաջող ավարտ կունենան, և դրան կմիանան թե ՛ Թուրքմենստանը («Անդրկասպյան» գազատար), թե՛ Ադրբեջանը։











































