Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորել է ամբողջությամբ վերակառուցել Ադրբեջանի տարածքում գտնվող և իր իսկ կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ)։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը.
«Մենք հասկանում ենք, թե ինչպես կարելի է վերակառուցել Գաբալայի ՌՏԿ-ն։ Գաբալայի ՌՏԿ-ի հնարավորությունների մեծացումը Ռուսաստանի համար օգտակար ու շատ կարևոր է։ Դրա համար էլ Ռուսաստանը ցանկանում է արդիականացնել այդ կայանը։ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ չէ դրան, և մնացել է, որ կողմերը համաձայնեցնեն խնդրի ֆինանսական կողմը։
Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել վարձավճարը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն փոփոխության չենթարկվի։ Ընդ որում՝ մենք կտրուկ կրճատելու ենք վարձակալված տարածքը, քանի որ արդիականացված ՌՏԿ-ի համար այդքան մեծ տարածք պետք չէ։ Մենք այլևս չենք ծախսի նախկինի չափ ջուր և էլեկտրաէներգիա։
Գաբալայի ՌՏԿ-ին առնչվող հարցերի շուրջը Ադրբեջանի հետ փոխգործակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որում ներառվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության, արտգործնախարարության, ինչպես նաև առևտրի ու արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները։
Իմ ադրբեջանական գործընկերոջ հետ պայմանավորվել եմ, որ մոտ ժամանակներս այդ հանձնաժողովի անդամներն այցելելու են Բաքու, և այնտեղ են շարունակելու քննարկումները։ Ես մտավախություններ չունեմ, թե մենք կարող ենք համաձայնության չգալ»։
Հիշեցնենք, որ Գաբալայի «Դարյալ» տիպի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը:










































