News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիից Քութայիս Վրաստանի խորհրդարանը փոխադրելը և այդ քաղաքը քաղաքական կենտրոնի վերածելը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական հիմարությունն է.
«Դա վկայում է այն մասին, թե Սաակաշվիլին որքան բան չի հասկանում մենեջմենթի ոլորտում։ Շատ բաներ Սաակաշվիլին անում է առանց հասկանալու ու գիտակցելու։ Այս գաղափարը ունենալու է հակառակ արդյունք։ Այդ նախաձեռնության իրականացման դեպքում Քութայիսի մի շարք մարդիկ աշխատանքի կտեղավորվեն, սակայն նույնքան մարդ էլ Թբիլիսիում կկորցնի իր աշխատանքը։
Թբիլիսիից Քութայիս և հակառակ ուղղությամբ պատգամավորների տեղաշարժը կմեծացնի նրանց ծախսերը։ Ոչ մի երկրում, բացառությամբ մի քանի օրինակների, կենտրոնացված իշխանությունը չեն տեղափոխում շրջաններ։ Դա չի հանդիսանում շրջանի փրկություն։ Դրա համար հարկավոր է կատարել ճշգրիտ տնտեսական հաշվարկներ ու կայացնել քաղաքական որոշումներ, ուժեղացնել տեղական ինքնակառավարումը»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին հայտարարել էր, թե Քութայիսում Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու 2012 թվականի մայիսին, սակայն խորհրդարանն ամբողջովին Քութայիս կտեղափոխվի 2012 թվականի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։









































