France-Presse գործակալությունը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ նոյեմբերի 12-ին Թեհրանի արվարձան Բիդ Գանեում գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է ոչ թե 17, այլ՝ 36 զինծառայող, այդ թվում՝ իրանական հրթիռային ծրագրի «հայր», գեներալ-մայոր Հասան Թեհրանի Մողադդամը։ Եվս 23 մարդ վիրավորվել է։
Նշվում է, որ լրագրողները ստուգել են նոյեմբերի 12-ից տվյալ տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր հուղարկավորությունները և հանգել նման եզրակացության։ Իրանական իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ պայթյունից հետո լուրեր էին շրջանառվում, որ այն կազմակերպել են ԱՄՆ-ի կամ Իսրայելի հատուկ ծառայությունները, սակայն երեկ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին հերքեց դա՝ ընդգծելով, որ այդ պայթյունը տեղի է ունեցել սպառազինության ծրագրի հետազոտման ընթացքում։









































