Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հուշագրքին, որում նշված է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսին թույլ է տվել սադրել իրեն, ինչի պատճառով Վրաստանը որոշակիորեն օտարվել է ՆԱՏՕ-ից.
«Ցանկանում եմ ընդգծել, որ դրանում որևէ զարմանալի բան չկա։ Պարզապես Վրաստանի իշխող քաղաքական ընտրանին չի ցանկանում խոստովանել, որ սխալ է թույլ տվել՝ տուրք տալով Ռուսաստանի սադրանքներին և ընկնելով նրա պատրաստած ծուղակը։
Ես չեմ ասել և հիմա էլ չեմ ասում, որ Վրաստանի իշխանությունները 2008 թվականի օգոստոսին պատերազմ են սկսել։ Ռուսաստանն այդ պատերազմին նախապատրասվել է դեռևս 2006 թվականից։ Այդ երկու տարում ռուսական կողմը շարունակ սադրել է Վրաստանին։
Ես դեռևս 2008 թվականի ապրիլ-մայիսին էի տեղեկացված, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամներն ակտիվորեն Սաակաշվիլիին դրդում էին պատերազմի, սակայն այն ժամանակ Սաակաշվիլիին հաջողվեց լռեցնել նրանց։
2008 թվականի հուլիսի կեսերին ես «Պալիտրա նեդելի» թերթում հրապարակեցի այն ճշգրիտ սխեման, որով հետագայում զարգացան ռազմական գործողությունները։ 2004 թվականից սկսած՝ վրացական իշխանությունների շարքում կային անձինք, որոնք ցանկանում էին ճակատամարտ սկսել։
Անհրաժեշտ է ճակատամարտը տարանջատել պատերազմից։ Ճակատամարտը սկսվել է օգոստոսի 8-ին, սակայն մինչ այդ՝ 5 օր շարունակ, հրետակործություններ էին ընթանում։ Մեր կողմն ընկավ այդ թակարդի մեջ՝ օգոստոսի 8-ին սկսելով ճակատամարտը, մինչդեռ Ռուսաստանը պատերազմ էր նախապատրաստել»։
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 7-12-ը։









































