Այսօր Կառավարության շենքի բակում հերթական ակցիան կազմակերպեցին «Բանակն իրականում», «Բանակն առանց մարդասպանների» քաղաքացիական նախաձեռնությունները:
Ամեն հինգշաբթի հայոց բանակում տեղի ունեցող սպանությունների, ինքնասպանությունների և անկարգությունների վերացման նպատակով հավաքվող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին են միանում տասնյակ երիտասարդներ և իրավապաշտպաններ:
Այսօր նույնպես բացառություն չէր: Զինծառայողների մայրերը պահանջում են, որպեսզի պատկան մարմինները`զինդատախազը, պաշտպանության նախարարը, հետևողականորեն բացահայտեն սպանությունների հանգամանքները:
Ծնողներից ոմանք բազմաթիվ անգամներ հանդիպումներ են ունեցել և ՀՀ նախագահի, և պաշտպանության նախարարի, և զինդատախազի հետ, սակայն սպանությունների գործերը շարունակում են մնալ չբացահայտված:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց 2010թ. բանակում սպանված Արտակ Նազարյանի մայրը` տղայի սպանության գործով նախաքննությունը սխալ ճանապարհով է գնացել, որը շարունակվում է դատարանում:
«Դատավորը հաշվի չի առնում մեր ներկայացրած միջնորդությունները և այն ապացույցները, որոնք գործի բացահայտման համար անհրաժեշտ են»,- ասաց Արտակի մայրը`հավելելով. եթե նույն կերպ շարունակվի, կդիմեն Եվրադատարան:
Կառավարության շենքի առջև հավաքվել և իրենց բողոքն էին հայտնում նաև Դալմայի այգիների բնապահպանները, կրպակատերերը և իրենց սեփականությունը կորցրած անձինք:
Եվ կրպակատերերը, և սեփականության վերականգնման համար պայքարող քաղաքացիները հույս հայտնեցին, որ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետամուտ կլինի և կզբաղվի իրենց հուզող խնդիրներով:









































