Հարկային նոր փաթեթով տարեկան լրացուցիչ 120 հազար դրամի բեռ է դրվում բիզնեսի վրա, մասնավորապես սոցվճարների գծով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարար Նարինե Մայիլյանը նշեց, որ փոքրերի համար յուրաքանչյուր նման փոփոխություն ինքնըստինքյան փոփոխություններ է առաջացնում: Դա նշանակում է, որ հնարավոր չի լինի կուտակումներ ունենալ աշխատավարձի բարձրացման, արտադրանքի ծավալների ավելացման, նոր տեխնոլոգիաների ներդրման համար:
«Այդ բոլոր փոփոխությունները հարվածում են ՓՄՁ-ին և թույլ չեն տալիս զարգանալ, առաջ գնալ»,- հայտարարեց Ն. Մայիլյանը:
Ըստ նրա`փաթեթը չի լուծում փաստաթղթավորման խնդիրը, այսինքն՝ փոքրերը չեն կարողանում ցույց տալ իրենց ծախսերը և արհեստականորեն մեծանում է շահույթը և շահութահարկը. «Սպասելիքները, որ կային, չեն բավարարվում: Արվող փոփոխությունները չեն լավացնում իրավիճակը և դեռ վատացնում են:
Հետևանքներից ամենաերևացողը կարող է լինել այն, որ եթե մինչև հիմա կային թաքցված աշխատատեղեր, իսկ հիմա լրացուցիչ ծախսեր են արվելու, ապա թաքցված աշխատատեղերն ավելի կշատանան, իսկ դրանք բացահայտվելու դեպքում բիզնեսը տուգանքի կենթարկվի և լրացուցիչ կորուստներ կունենա: Լավ բան չեմ սպասում: Վիճակը մարդկանց ստիպում է նաև այդպիսի միջոցների, կարծում եմ՝ ինչ-որ չափով ստվերը կմեծանա»:










































