Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը հերքել է վերջին շրջանում շրջանառության մեջ մտած այն տեղեկատվությունը, թե Բաքուն «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի պատրաստմանն ու անցկացմանը հատկացնելու է 1 միլիարդ մանաթ (1.2 միլիարդ դոլար).
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այդ թիվը վերցված է օդից։ Մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե պետական մակարդակով «Եվրատեսիլ 2012»-ի անցկացման համար կառուցվելու ու պատրաստվելու են մի շարք օբյեկտներ, լրագրողների երևակայությունն է։
Այդ մրցույթի անցկացման համար մենք դիտարկում ենք երեք վայր, այսինքն՝ մրցույթն անցկացվելու է այդ երեք տեղերից մեկում։ Դրանցից մեկը Հեյդար Ալիևի անվան մարզահամերգային համալիրն է, երկրորդը՝ Թոֆիկ Բահրամովի անվան Հանրապետական մարզադաշտը, իսկ երրորդը՝ ներկայումս կառուցվող համերգային համալիրը»։
Հիշեցնենք, որ 57-րդ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթն անցկացվելու է Ադրբեջանում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու 2012 թվականի մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26-ին։









































