«ՀԺ»-ի տեղեկություններով` օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը:
«Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը: Ըստ որոշ տեղեկությունների` Բարսեղյանը պաշտոնանկ է արվել, քանի որ տեղյակ է եղել ներիշխանական խմորումների` պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը:
Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին: ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել Բարսեղյանին ազատելու մասին լուրը»:
Բարսեղյանը, տեղեկանալով, որ վերը նշված լուրի վերաբերյալ «ՀԺ» թղթակիցը ցանկանում է հարց տալ, առանց մինչև վերջ լսելու պատասխանել է. «Ներքին կադրային փոփոխությունները ենթակա չեն հրապարակման ու մեկնաբանման»:











































