Այսօր` նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ավանդական բրիֆինգի ժամանակ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է օրեր առաջ երգիչ Թաթայի համերգի ժամանակ ունեցած իր ելույթին, որի ժամանակ, շատերի պնդմամբ, նա ալկոհոլի ազդեցության տակ էր։
«Անկեղծ ասած, իմ պապս ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ էն մարդկանց հետ, որոնք չեն խմում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ընդհանրապես, խմիչքին նորմալ եմ վերաբերվում։ Այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ, և մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, այդ հանգամանքը հաշվի չէր առել, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան ի հայտ գա: Այն հատվածը, որտեղից ելույթ էի ունենում, բարձրախոսները գտնվում էին իմ կողքին և ձայնային հարվածը, որը վերադառնում և հարվածում էր, ինձ հնարավորություն չէր տալիս լսել իմ խոսքը: Այդ իսկ պատճառով էլ առաջացել է տեխնիկական խոտան ասվածը: Ես խմած չեմ եղել և 22 տարվա փորձ եմ ունեցել, ինչպե՞ս կարող էի այդ օրը նման ձևով ելույթ ունենալ», -նշել է վարչապետը:











































