Այսօր մեկնարկեց ArmNet Awards-2011 համահայկական ինտերնետային մրցույթը և ArmNet-2011 միջոցառումների շարքը:
Դրանք կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, «Orange Արմենիա» ընկերությունների և «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից:
ArmNet-2011-ի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում:
Armnet-2011-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:
Նախագծի միջոցառումներից առաջինը` Armnet Awards-2011 hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:
Մրցույթի արդյունքում 8 լավագույն կայքերին մրցանակներ կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Դիզայն և հարմարավետություն», «Նորարարություն», «Տեխնիկական կատարում», «Բովանդակություն», «Տարվա առաջընթաց», Գլխավոր մրցանակ և «Ժողովրդական ընտրություն»:
Orange-ը մրցանակ է սահմանել նաև «Լավագույն մոբայլ կայքի» համար:
Armnet-2011 ինտերնետային մրցույթը կանցկացվի մեկ փուլով, որի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և կընտրեն հաղթողներին, ըստ անվանակարգերի, ինչպես նաև կորոշեն մրցույթի գլխավոր մրցանակակրին:
Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն:
Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար:
Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը:
Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա:
Քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցույթի գրանցման և մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2011-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am
ArmNet 2011-ի շրջանակում դեկտեմբերի 3-ին տեղի կունենա նաև ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված համաժողով:
Համաժողովին կմասնակցեն մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Համաժողովը կրում է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» խորագիրը:
Այս տարի առաջին անգամ ArmNet 2011-ի շրջանակում տեղի կունենա նաև Start-Up Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը:
Մրցույթի նպատակն է մեկ հարկի տակ միավորել ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր ներկայացնելու և թեստավորելու են իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները ինտերնետի ոլորտում:









































