Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին և Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Կողմերը գոհունակություն են հայտնել ՀԲ -ի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի ընթացքի առնչությամբ:
Արձանագրվել է, որ դրանք իրականացվում են հաջողությամբ և նպաստում են մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:
Քննարկվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծի հետ կապված հարցեր:
Փոխվարչապետին հայտնել են, որ նախագիծը նախապատրաստման փուլում է և փետրվարին կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Քննարկվել են նախագծի նախապատրաստման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրով վերանորոգվող և վերակառուցվող հաստատությունների հետագա պահպանման, համայնքների կողմից համաֆինանսավորման և մի շարք այլ խնդիրների:
Նշվել է, որ նախագծում նախատեսվում է ներառել նաև ՏԻՄ-երի կարողությունների զարգացման բաղադրիչ, որի շրջանակում կկազմակերպվի ՏԻ մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում:
Փոխվարչապետը ողջունել է նման մտադրությունը:










































