Եվրախորհրդարանն առաջիկա օրերին պատրաստվում է նոր օրենքներ մշակել վարկանիշային գործակալությունների աշխատանքներին հետևելու համար: Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ գործակալությունները, ներառյալ Standard & Poor’s-ը, Moody’s-ը ևFitch-ը, պետք է ավելի խիստ կանոնների ենթարկվեն, ավելի թափանցիկ լինեն և, որ ամենակարևորն է, պատասխան տան թույլ տված սխալների համար:
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Միշել Բարնիեն նշել է, որ վարկանիշային գործակալությունների գործունեությունը մեծ ազդեցություն է ունենում ներդրողների և նրանց միջոցով՝ շուկաների վրա:
Շատերը 2008 թ. սկսված ֆինանսական ճգնաժամի համար մեղավոր են համարում հենց վարկանիշային գործակալություններին, որոնք բարդ ֆինանսական ինստիտուտների բարձրացված վարկանիշներ էին ներկայացնում:
«Մենք չենք կարող թույլ տալ վարկանիշային գործակալություններին շարունակել սրել շուկայի անկայունությունը»,- հայտարարել է Միշել Բարնիեն:









































