«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրն էր ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ով հրավիրվել էր` Հայաստանի տնտեսական իրավիճակի և ներքաղաքական զարգացումների շուրջ իր տեսակետները հայտնելու:
Անդրադառնալով բյուջեի քննարկման մեկնարկին և առհասարակ երկրի տնտեսական իրավիճակին` նա նշեց որ այս բյուջեն` «որևէ ամբիցիա չի պարունակում, քանի որ որևէ խնդիր չի լուծում: Երբ դիտարկում ենք գյուղատնտեսության, կոնյակագործության վիճակը, հասկանում ենք, որ իշխանությունների ծրագրերը անիրականանալի են, մնալու են թղթի վրա»:
2011-ին աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ վարչապետի հայտարարությունները Վ. Խաչատրյանը որակեց ոչ ճիշտ, նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև իբր իրականացվող ներդրումներին:
«Հայաստանում ստեղծվե՞լ են պայմաններ, որպեսզի նպաստեն ներդրումներին… Ոչ»,- նկատեց նա:
Անդրադառնալով իշխանությունների արդյունաբերական, քաղաքաշինական ծրագրերին` նա այն կարծիքի է, որ դրանք ևս անիրագործելի են:
Վ. Խաչատրյանը գտնում է, որ Հայաստանը համակարգային ճգնաժամի մեջ է, և դա միայն քաղաքական ոլորտին չի վերաբերում, այլ նաև` տնտեսությանը: «Երկրում ոչ թե առանձին ճյուղերի տնտեսական բարեփոխումներ են անհրաժեշտ, այլ ամբողջական համակարգային փոփոխություններ»,- նկատեց նա` հավելելով, որ այն, ինչ օրերս իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը, խաբեություն է:








































