Սիրիայում թեպետ իրավիճակը գնալով ավելի է լարվում, սակայն լիբիական տարբերակն այնտեղ դժվար թե կրկնվի. Ռուսաստանն ու Չինաստանը նման բան թույլ չեն տա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արևելագետ Գրիգոր Վարդանյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը շարունակելու է Սիրիային պահել որպես արաբական աշխարհի մյուս երկրների վրա ներազդելու իր կենտրոն:
«Սիրիայում իրադրության լարվածության վրա մի շարք գործոններ են ազդում: Օրինակ՝ այն, որ բացի Թուրքիայից և Իրանից, սիրիական հակամարտության մեջ մտնում են նաև Ռուսաստանը, Չինաստանը և արևմտյան երկրները: Ռուսաստանը միաժամանակ բանակցությունների մեջ է մտել ինչպես սիրիական ընդդիմության, այնպես էլ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի ներկայացուցիչների հետ: Սիրիայի անցումային խորհրդի անդամներն այժմ Մոսկվայում են, ինչը բանակցային գործընթացում առկա ոչ կայուն իրադրության մասին է վկայում: Ռուսաստանը, փաստորեն, չկողմնորոշված վիճակում է և չգիտի՝ ում է պաշտպանում: Նա, իհարկե, լավ է հասկանում, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս է եկել հունից, և հնարավոր է, որ իշխանության գան ուժեր, որոնք վտանգի տակ կդնեն ռուս-սիրիական հարաբերությունները, դրա համար էլ սկսում է շփումների մեջ մտնել նաև այդ ուժերի հետ»,- նկատեց Գրիգոր Վարդանյանը:
Անդրադառնալով ասադամետ սիրիահայ համայնքի հետագա ճակատագրին՝ արևելագետը նշեց, որ թեպետ դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի նրանց հետ ապագայում, սակայն միաժամանակ շատ բնական է, որ հայ համայնքը սատարում է Սիրիայի գործող վարչակարգին: «Բաշար Ալ-Ասադի վարչակարգը թե՛ քրիստոնյա և թե՛ մահմեդական փոքրամասնությունների միջև միշտ համերաշխության մթնոլորտ է տարածել: Այդ իսկ պատճառով տեղի հայերի դիրքորոշումը բնական և հասկանալի է: Միաժամանակ, չի բացառվում, որ Սիրիայում իշխանության գան ուժեր, որոնք կստիպեն, որ հայկական համայնքում արտագաղթ սկսվի: Արտաքսման մասին սխալ կլինի խոսել, ուղղակի որոշ մարդիկ, հնարավոր է, կվախենան և կլքեն երկիրը, այսինքն՝ անկայունությունը կարող է հասնել այն առավելագույնին, որը մարդկանց կստիպի հեռանալ երկրից: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, խոսքը կվերաբերի ներմիգրացիոն հոսքին, այսինքն՝ սիրիահայերը կգնան հարևան Լիբանան»,- կանխատեսեց արևելագետը՝ միաժամանակ նկատելով, որ իրավիճակը Լիբանանում ևս շարունակում է սրվել:
«Հնարավոր է, որ Լիբանանում ևս իրավիճակը բարդանա, քանի որ այդ երկրի քաղաքական ներկապնակը մեծ կախվածություն ունի սիրիական քաղաքականությունից, և այն, ինչ կատարվում է Սիրիայում, պրոյեկտվում ու շղթայական ռեակցիայով գնում է Լիբանանում»,- ասաց Գրիգոր Վարդանյանը:
Ամփոփելով՝ արևելագետը նկատեց, որ եթե Սիրիայում ամեն բան ավարտվի և իշխանության մնա գործող նախագահ Բաշար Ալ-Ասադը, Ռուսաստանը մեծ շահույթ է ստանալու, մանավանդ՝ զենքի առևտրից: «Ինչպես հայտնի է, Սիրիան միայն ու միայն ռուսական զենք է գնում»,- հիշեցրեց նա:









































