News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն անդրադարձել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի վաղվա վրացական այցին, որի ժամանակ նա հանդիպումներ է ունենալու Սաակաշվիլիի և արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ.
«Վրացական պետության ղեկավարի վարչակազմը Քեթրին Էշթոնի վաղվա վրացական այցը դիտարկում է ԵՄ-ի հետ մերձեցման համատեքստում։ Այդ այցը կարևոր է միջազգային հարաբերությունների տեսանկյունից։ Այդ այցը կարելի է դիտարկել որպես այն ինտենսիվ քաղաքականության շարունակությունը, որը վրացական դիվանագիտությունն իրականացնում է վերջին շրջանում։
Էշթոնի այցը հատուկ նշանակություն ունի այն հայտարարությունների համատեքստում, որոնք արվել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրացական այցի ժամանակ, և որոնք առնչվում են Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանը»։
Մանջգալաձեն ճեպազրույցի ժամանակ չի մոռացել անդրադառնալ նաև կիրակի օրը Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի օկուպացրած շրջաններում իր սադրիչ գործողությունները՝ իր իսկ ստեղծած օկուպացիոն իշխանության միջոցով այսպես կոչված ընտրություններ անցկացնելով։







































