Լրագրող Անուշ Մկրտչյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal) իր բլոգում գրում է.
Կովկասյան երկրներում հաճախ հանդիպող արարք, որի շուրջ ամենամյա զեկույցներ են գրում եվրոպացիները ու կովկասցիներն էլ գլուխները տմտմբացնելով համաձայնում են՝ քաղաքակիրթ մարդու տպավորություն թողնելու համար: Հետո գնում են տուն ու քացու տակ գցում կնոջը՝ անհամ բորշ սարքելու, անծանոթ տղամարդուն ճանապարհը հուշելու կամ էլ, պարզապես, պրոֆիլակտիկայի համար: Ինձ թվում էր, թե այսպիսի դեպքերը մեզանում աստիճանաբար պետք է պակասեին, ոչ թե այն բանի համար, որ հանկարծ որոշեցինք անասունից դառնալ ասուն, նորմալ մարդ, ու բռունցքների ու քացիների փոխարեն օգտագործել պարզ ստորադասական նախադասություններ, այլ պարզապես ջունգլիից քաղաքակիրթ կյանք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդկային խմբի համար դա պարտադիր պայմաններից մեկը պետք է լինի:
Բայց դե կյանքը ցույց է տալիս, որ հայկական իրականությունն ու աշխարհում ընթացող տենդենցները իրար հետ կապ չունեցող բաներ են: Ավելին՝ եթե առաջ բոլորից թաքուն՝ չորս պատի մեջ էր կինը ծեծվում, իսկ հետո աչքի տակի կապտուկները բացատրվում էր որպես «պատուհան լվանալիս ոտքս սայթաքեց ու ընկա», հիմա այնքան ենք կատարելագործվել, որ կարելի է հրապարակային ծեծ էլ կազմակերպել:
Նոյեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած դեպքը, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի ենթարկեց գործարար Սիլվա Համբարձումյանին մեր այսօրվա ջունգլիական իրականությունն է, ու սարսափելին այն է, որ նմանատիպ լուրն ինձ համար այլևս շոկ չէ: Ոչ թե զգայարաններս են բթացել, պարզապես, որպես իրականությունը քիչ թե շատ ռեալ գնահատող մարդ, արդեն իսկ գիտեմ, թե ինչ է լինելու հետո:
Այսօր՝ նոյեմբերի 15-ին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկատվություն է տարածել, որտեղ հերքվում է վերոնշյալ ծեծի պատմությունը: Սիրտ խառնելու չափ նորմալ երևույթ.
է` հա, ո՞ր մի հայ տղամարդն է ընդունում, որ կին է ծեծել: Էլ չեմ ասում այն տղամարդուն, որ ունի հայտնի մականուն, կարգին պաշտոն ու առաջիկա ընտրություններում լուրջ դերակատարում:









































