Իսրայելական Mig News-ը, վկայակոչելով The Daily Telegraph թերթին, հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի մերձակա դաշնակից Իրանը մի շարք բանակցություններ է վարել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Բրիտանական թերթի տվյալներով՝ իրանցի պաշտոնատար անձինք հանդիպումներ են ունեցել սիրիական չափավոր ընդդիմության ներկայացուցիչների առաջնորդ Խայթամ Մանի, ինչպես նաև մեկ այլ ընդդիմադիր խմբի՝ Ազգային կոորդինացիոն կոմիտեի անդամների հետ։
The Daily Telegraph-ի տեղեկություններով՝ Թեհրանն ընդունելի է համարում Սիրիայի ազգային անցումային խորհրդի հետ երկխոսությունը, քանի որ անգամ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն է սկսել Ասադից հիասթափության նշաններ ցույց տալ։
Օգոստոսին Ահմադինեժադը սիրիական կառավարությանը կոչ էր արել բանակցել ընդդիմության հետ, իսկ նախորդ ամիս նա ուղղակիորեն Ասադից պահանջել էր բարեփոխումներ իրականացնել։
Բրիտանական պարբերականը վստահեցնում է, որ Իրանը կարող է շատ բան կորցնել, եթե Ասադի ռեժիմը տապալվի, քանի որ Դամասկոսը հանդիսանում է Իրանի կողմից հովանավորվող «ՀԱՄԱՍ» ու «Հիզբոլլահ» կազմակերպությունների շտաբ կայանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեֆրի Ֆելթմանը Սենատի արտաքին կապերի կոմիտեի նիստում համոզվածություն էր հայտնել, որ Ասադին հաշված օրեր են մնացել։










































