«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցները Նյու Յորքում նոյեմբերի 17-ին պատրաստվում են նշել իրենց երկամսյակը, որի ընթացքում նրանք պատրաստվում են դիմակահանդես անցկացնել քաղաքի ֆինանսական կենտրոնում և երթ Բրուքլինի կամրջով:
«Մենք կծածկենք Ուոլ Սթրիթը: Մենք ժողովրդական ահազանգ կհնչեցնենք և կսկսենք փողոցային դիմակահանդես, որի ժամանակ հանդիսավոր կվերստեղծենք Ուոլ Սթրիթի տնտեսական քաղաքականության հետևանքով ոչնչացված թաղամասերը»,- ասվում է Facebook սոցցանցում շարժման տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը. ֆինանսական ինստիտուտների և հարուստ խավի դեմ հանդես եկող շարժման ակտիվիստները խոստանում են ստեղծել «անմոռանալի երեկույթ 1 տոկոսի համար»:
Ակցիայի կազմակերպիչները խոստովանում են, որ այդ «ակտիվ գործողություների օրը» շարժման սկզբից մինչ այժմ կարող է դառնալ ամենավառ ակցիան: Նրանք չեն բացառում, որ հնարավոր են զանգվածային ձերբակալություններ: «Կարծում եմ՝ շատ դժվար է ամբողջ օրը ակտիվ գործել և ոչ մի արձագանք չստանալ (իշխանությունների կողմից)»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչներից մեկը:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է սեպտեմբերի 17-ին, երբ նրա մասնակիցները ճամբար դրեցին Նյու Յորքի ֆոնդային բորսայի մոտ: Ցույցերի աշխարհագրությունն արդեն դուրս է եկել ԱՄՆ ֆինանսական մայրաքաղաքից և տարածվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում:








































