Եվրոպայի ճգնաժամը խթան պետք է հանդիսանա Մեծ Բրիտանիայի համար՝ վերադարձնելու իր լիազորությունները որոշումներ կայացնելու հարցում և վերանայելու հարաբերությունները Բրյուսելի հետ: ԻՆչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այսպիսի հայտարարաություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոնսերվատիվ կուսակցության կոնֆերանսի ժամանակ:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Եվրամիությունը որոշակի վերացական բան է ինքն իր մեջ, որն ի վիճակի չէ զարգանալ ժամանակակից աշխարհին համընթաց և ուժ չունի մարդկանց կյանքը փոխելու դեպի լավը: Սակայն ճգնաժամը մեզ համար հնարավորություն է տեղծում, և մենք պետք է այն օգտագործենք: Այժմ հնարավորություն կա հարցնելու. կոնկրետ ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել Եվրոպան»,- ասել է Քեմերոնը:
Վարչապետը նշել է, որ միության անդամները պետք է ուշադիր լինեն կազմակերպության բարեփոխմանը վերաբերող որոշումներ կայացնելու հարցում: Նա նշել է, որ Բրիտանիան պետք է մնա Եվրոպայի կազմում իր տնտեսական շահերը պահպանելու համար: Բրիտանիան պետք ոչ թե «դուրս գա» Եվրամիությունից, այլ «մեկ քայլ նահանջի» և փորձի հասկանալ` ինչպիսին է ցանկանում տեսնել իր հարաբերությունները Եվրամիության հետ:
Իր խոսքում նա նշել է, որ «մեկ քայլ հետ» դեռ չի նշանակում դուրս գալ Եվրամիությունից: «ԵՄ-ից դուրս գալը չի բխում Բրիտանիայի շահերից,- ասել է նա:- Հակառակ դեպքում մենք կավարտենք այնպես, ինչպես Նորվեգիան, երբ միասնական եվրոպական շուկայի համար ձեռնարկվող որևէ քայլ այդ պետության քաղաքականության մասը չի կազմում»:
Քեմերոնը համոզված է, որ Լոնդոնը չպետք է բաց չթողնի գլխավոր հնարավորությունը` որոշումներ կայացնել Եվրամիության հետ և թույլ չտալ, որպեսզի դրանք կայացվեն Մեծ Բրիտանիայի հետևում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Բրիտանիայի խորհրդարանում մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ Համայնքների պալատի օրակարգի մեջ դրվեց ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը:










































