Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին երեկ հայտարարել է, թե Մեջլիսը կարծում է, որ Իրանը պետք է վերանայի ԱԷՄԳ-ի հետ իր հարաբերությունները։
Լարիջանին այս հայտարարությունն արել է օրեր առաջ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած նոր զեկույցից հետո, որում նշված է, որ Իրանը մինչև 2003 թվականը զբաղված է եղել միջուկային զենքի մշակմամբ, և որ դա կարող է սկսվել նաև ներկայումս։
Լարիջանին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ը վերածվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների քաղաքական գործիքի, ինչի համար էլ Իրանը պետք է վերանայի նրա հետ իր հարաբերությունները.
«Մեջլիսը զգուշացնում է ԱԷՄԳ-ին, որ նա տվյալ մոտեցումը դիտարկում է որպես բաց թշնամություն։ ԱԷՄԳ-ին այդպիսի հրաման են տվել ԱՄՆ-ն ու սիոնիստները։ ԱԷՄԳ-ն այդ զեկույցն այնքան հապճեպ է պատրաստել, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Չմիավորման շարժման երկրներն այն որակել են անհիմն ու ապակառուցողական»։
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրանից պահանջել էր արձագանքել ԱԷՄԳ-ի զեկույցին։





































