Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում բողոքի ցույցի են դուրս եկել զինվորականները. նրանք հանդես են գալիս աշխատավարձերի կրճատումների դեմ, ինչը նախատեսված է կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Նրանք քաղաքական կարգախոսներ չեն հնչեցրել, քանի որ դա արգելված է զինված ուժերի մասին օրենքով:
Այնուամենայնիվ, ցույցի ժամանակ լուրջ նախազգուշացումներ են հնչել: «Զինված ուժերը ստեղծված են բուրգի սկզբունքով,- հայտարարել է ցույցի կազմակերպիչներին Անոտոնիո Կոլելիոն:- Եթե այն կորցնի կայունությունը, բանակում կարգուկանոն չի լինի, և այն չի կարող իրականացնել իր առաջադրանքները»:
Հարկ է նշել, որ զինվորականների ցույցը լուրջ անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Բանն այն է, որ հենց սպաները 1974 թ. ռազմական հեղաշրջում կազմակերպեցին` տապալելով Անտոնիո Սալազարի բռնատիրությունը: Դրանից հետո զինվորականները դադարեցին մասնակցություն ունենալ քաղաքականության մեջ, սակայն Լիսաբոնում մտավախություն կա, որ անհրաժեշտության դեպքում նրանք դարձյալ կփորձեն իրադրությունը վերցնել իրենց ձեռքը:











































