«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ իրանական իշխանությունները երեկ հայտարարել են, որ շաբաթ օրը Թեհրանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռազմաբազայում եղած երկու պայթյունների հետևանքով զոհվել է հեղափոխական գվարդիայի հրամանատարներից մեկը։
Նշվում է, որ նա իրանական մարտական հրթիռների մշակման ու արտադրության ղեկավարներից մեկն էր։ Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարությունը հայտարարել է, որ խոսքը գեներալ Հասան Մողադդամի մասին է, որին անվանում են հեղափոխական գվարդիայի հրթիռա-հրետանային զորամասերի կազմակերպիչ։
Մողադդամից բացի՝ զոհվել է ևս 16 մարդ։
Հիշեցնենք, որ իրանական կողմը սկզբնական շրջանում հայտարարեց պայթյունի հետևանքով 27 զոհերի մասին, ինչը վերջնարդյունքում նվազեց մինչև 17-ի։ Կասկածներ կան, որ այդ պայթյունն իրականացրել են ամերիկյան հատուկ ծառայությունները։









































