Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Մաքսիմ Մինաևն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ես կարծում եմ, որ ՄԱԿ ԱԽ-ին Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությունը պաշտոնական Բաքվին հնարավորություն է ընձեռում նոր հարթակում առավել ինտենսիվ երկխոսություն ձեռնարկել միջազգային միջնորդների հետ։
Բացի այդ, Ադրբեջանը դրանով հնարավորություն է ստանում ՄԱԿ ԱԽ-ի անդամներից նոր միջնորդներ ներգրավել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և առաջ քաշել մի շարք խնդիրների դիտարկման հարցը։ Բաքուն հնարավորություն է ստացել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջին քայլն անելու։
Հնարավոր է՝ նոր միջնորդներից մեկը լինի Թուրքիան, եթե նա մինչ այդ կարգավորի Հայաստանի հետ իր հարաբերությունները։ Միջնորդ լինելու համար պետք է խնդիրներ չունենալ հակամարտող կողմերի հետ։ Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահող երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը խնդիրներ չունեն ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի հետ։ Իսկ Թուրքիան դեռ խնդիրներ ունի Հայաստանի հետ։ Նոր միջնորդները կարող են նոր շունչ հաղորդել բանակցային գործընթացին»։
Մինաևը նաև չի բացառել, որ մինչև տարեվերջ կարող է տեղի ունենալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում։









































