ԱՄՆ վարչական խախտումների դատարանը խորհուրդ է տվել Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքի ուսուցչուհուն աշխատանքից հեռացնել այն բանի համար, որ Facebook սոցիալական ցանցում նա իր աշաակերտներին անվանել է «ապագա հանցագործներ»:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, դատավորը իր որոշման մեջ նշել է, որ ուսուցչուհին «չի ընկալել իր աշակերտների աշխարհը»: Ջենիֆեր Օ’բրայանը հայտնել է, որ սոցցանցի իր հաշվում գրել է բացասական արձագանք աշակերտների մասին այն բանից հետո, երբ նրանցից մեկը հարվածել է իրեն:
Դատական լսումների ընթացքում դպրոցի ղեկավարությունը նշել է, որ Օ’բրայանի գրության մեջ նկատում է ռասիստական տրամադրություն: Մեկուկես ամսվա ընթացքում կրթության վարչության ներկայացուցիչը կամ պետք ընդունի, կամ մերժի, կամ էլ փոխի Օ’բրայանի նկատմամբ կայացրած որոշումը:
Ուսուցչուհին դպրոցում աշխատում էր 1999 թվականից: Նա 2011 թվականի մարտին սոցցանցում գրություն էր թողել, որը կարող էին տեսնել միայն նրա վիրտուալ ընկերները: Սակայն որոշ ժամանակ անց նրա գրության մասին իմացել են աշակերտների ծնողները, որոնք զանգվածային բողոքի ցույց էին կազմակերպել դպրոցի շենքի դիմաց` պահանջելով աշխատանքից հեռացնել Օ’բրայանին:









































