ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-11-ը ՀԲ-ի կողմից հրավիրված Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառույցների զարգացման հեռանկարների հարցերով բարձրաստիճան համակարգող հանդիպմանը մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը երկկողմ աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի, Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի, ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ:
Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի հետ հանդիպմանը Մ. Վարդանյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես` միջազգային բեռնափոխադրումների դյուրացման, Վերին Լարս-Կազբեկի սահմանային կետով ձմեռային ժամանակահատվածում բեռների փոխադրման խնդիրները, Հայաստանի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շարունակությունը հանդիսացող Ախալցխա-Բաթումի ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ընթացիկ իրավիճակը:










































