ԱՄՆ վերաքննիչ դատարանը անցած շաբաթավերջին բեկանել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայցով իր իսկ կայացրած վճիռը` հաստատելով իրենց նախնիներին ապահովագրական պոլիսներ վաճառած ընկերություններից փոխհատուցում պահանջելու` հայցվորների իրավունքը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների 9-րդ շրջանի վերաքննիչ ատյանը Սան Ֆրանցիսկոյում անցկացրած նիստում վճիռ է կայացրել, որ հայերի կոտորածները որպես ցեղասպանություն որակող Կալիֆոռնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ քաղաքականությանը, որը, ըստ դատարանի, անորոշ է մնում տվյալ հարցում:
Նույն դատական ատյանը` նույն կազմով, ձայների 2 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, անցյալ տարի վճռել էր, որ Կալիֆոռնիայի հիշյալ օրենքը հակասում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը, որը, ըստ դատարանի նախկին եզրահանգման, դեմ է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուն: