Թուրքական Haber Ekspres կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի սպառողների միության փոխնախագահ Մուսթաֆա Դինչը Քոնիայում հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո կազմակերպված բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարի միայն 1/3-ն է իրական եղել։
Դինչը նշել է, որ «Սրտանց Վանի համար» խորագրով բարեգործական այդ հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 62 միլիոն լիրա (ավելի քան 35 միլիոն դոլար), սակայն ցայժմ չի հատկացվել այդ գումարի 2/3-ը։
Դրա պատճառն այն է, որ շատ թուրք գործարարներ զանգահարել են 19 հեռուստաալիքներով հեռարձակվող այդ հեռուստամարաթոն և խոստացել շատ մեծ օգնություն ցուցաբերել՝ դրանով իսկ գովազդելով իրենց, իսկ հետո դրժել են իրենց խոստումը։
Դինչի կարծիքով՝ այսուհետ նմանատիպ բաներից զերծ մնալու համար պետք է հրապարակել այդ մարդկանց անունները և առավել լրջորեն մոտենալ այսպիսի բարեգործական հեռուստամարաթոններին։
Հիշեցնենք, որ Վանի ավերիչ երկրաշարժի պատճառով զոհվել է 601 մարդ։