Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացնում է, որ Հունաստանի օգնության ծրագրի շուրջ հանրաքվեն սպառնում է եվրագոտու կայունությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Հանրաքվեի միջոցով Հունաստանի կառավարությունը ցանկանում է իմանալ ժողովրդի կարծիքը` ընդունե՞լ ԵՄ ֆինանսական օգնությունը տնտեսական սահմանափակումների դիմաց, թե՝ ոչ:
Հոկտեմբերի 26-ին համաձայնեցված Հունաստանի օգնության ծրագիրը նախատեսում է ներել երկրի 360 մլրդ պարտքից 100 մլրդ-ը և շարունակել Հունաստանի հետագա ֆինանսավորումը երկրում կոշտ տնտեսական միջոցառումների անցկացման դիմաց:
«ԱՄՀ և ԵՄ ծրագրերի մերժումը, ինչը վերջերս քննարկվում էր Հունաստանի կառավարությունում, կմեծացնի հարկադրված և անկանոն դեֆոլտի… և Հունաստանի` եվրագոտուց դուրս գալու վտանգը»,- հայտարարել են Fitch-ի ներկայացուցիչները:
Հունաստանի կառավարությունը համաձայնություն է տվել այդ ծրագրին, սակայն դա առաջացրել է երկրի բնակչության և ընդդիմության խիստ դժգոհությունը: Արդյունքում երկրի վարչապետն առաջարկել էր հանրաքվե անցկացնել օգնության փաթեթն ընդունելու վերաբերյալ:










































