Չինաստանի իշխանությունները այլախոհ նկարիչ Այ Վեյվեյից պահանջել են մուծել 2,3 միլիոն դոլարի չափով տուգանք՝ որպես փոխհատուցում հարկերը չվճարելու համար:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, 54-ամյա նկարիչը ասել է, որ հրաժարվել է ընդունել պաշտոնական ծանուցումը:
Չինաստանի իշխանությունները հայտարարում են, թե նկարիչն ընդունել է հարկերից խուսափելու փաստը, սակայն նրա ընտանիքի անդամները հերքում են այդ մեղադրանքը: Նրանց կարծիքով՝ Վեյվեյին հետապնդում են չինական կառավարությանն ուղղված նրա քննադատությունների համար:
Այ Վեյվեյը այս տարվա հունիսին գրավի դիմաց ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ երեք ամիս անցկացրել էր գաղտնի բանտում` հարկերից խուսափելու մեղադրանքով: Այ Վեյվեյը` Չինաստանի քաղաքական վարչակարգի ամենահամարձակ քննադատողներից մեկը, ձերբակալվել էր 2011 թվականի ապրիլի 3-ին Պեկինի օդանավակայանում: Չինական մամուլում միանգամից հայտնվեցին նկարչին մեղադրող քարոզչական հոդվածներ, մասնավորապես՝ համացանցում պոռնոգրաֆիական նկարների տարածման և բազմակնության համար: Սակայն նրան պաշտոնական մեղադրանք առաջադրվեց հարկերից խուսափելու համար:
Շատերը Չինաստանում և նրա սահմաններից դուրս համոզված են, որ նկարիչը հերթական անգամ քաղաքական այլախոհությունը ճնշելու արշավի թիրախն է դարձել: Նա երկար ժամանակ է, ինչ իշխանությունների հսկողության տակ է գտնվում։ Մի քանի անգամ նրան թույլ չեն տվել երկրից դուրս գալ, իսկ 2010 թվականի նոյեմբերին տնային կալանքի են ենթարկել:










































