Ադրբեջանական Trend գործակալությկան փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան կարծիք է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտության գործընթացում ժողովրդավարության թեման առաջին պլան մղելը որոշ շրջանակների համար ընդամենը պատրվակ է:
«Դա արվում է մեկ նպատակով` Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու, նրա անկախ քաղաքականությունը խոչընդոտելու համար»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակը: Նրա խոսքով՝ այդ գաղափարը օգտագործվում է նաև երկրի ներսում մի փոքր խմբի կողմից:
Այնուհետև Բ. Մուրադովան նշել է, թե «երկրի օկուպացիան թույլ չի տալիս, որ երկիրը զարգանա դինամիկ կերպով: Այդ գործոնը ազդում է նաև ժողովրդավարական գործընթացների վրա: Այդ իսկ պատճառով ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ պլան է մղվում ժողովրդավարության գործոնը»:
Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի մատուցմամբ` եթե ժողովրդավարական գործընթացները անհանգստություն են առաջացնում, դա պետք է նաև Հայաստանին առնչվի, քանի որ այստեղ` «խորհրդարանում գնդակահարություն և խաղաղ ցուցարարների սպանություն է տեղի ունենում»:
«Ժողովրդավարության գործոնը քաղաքական ամբիցիաների համար օգտագործելը և հայերի ջրաղացին ջուր լցնելը ճիշտ մոտեցում չէ: Այդպես են վարվում Ադրբեջանի թշնամիները»,- նկատել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:









































