Էնդրյու Մեդոֆը` ձեռնարկատեր Բեռնարդ Մեդոֆի որդին, հայտարարել է, որ հայրն իրեն օգտագործել է որպես «կենդանի վահան», որպեսզի թաքնվի սեփական անօրինական գործողություններից:
Նա այդ մասին պատմել է CBS News-ի եթերում: Էնդրյուի խոսքերով՝ հայրը դիտմամբ պոտենցիալ հաճախորդներին տանում էր իր որդիների նյույորքյան գրասենյակի 19-րդ հարկը, որտեղ իրականացնում էր օրինական գործարքները, իսկ արդեն 17-րդ հարկում, որտեղ գտնվում իր գրասենյակը, օտարների համար մուտքը խստիվ արգելված էր: Հենց այդտեղ էլ նա կեղծել է փաստաթղթերը` մոլորության մեջ գցելով ներդրողներին:
Երբ տղաները հարցնում էին հորը, թե ինչով է զբաղված 17-րդ հարկում, նա պատասխանում էր՝ ամեն մեկը թող զբաղվի իր գործերով: Էնդրյու Մեդոֆը նաև հայտարարել է, որ չի կարող հորը ներել այն բանի համար, որ թաքնվել է իր թիկունքում:
Էնդրյուի խոսքերով՝ ինքը չի իմացել, թե ինչով է զբաղվել հայրը, սակայն տարօրինակ էր համարում, որ նա չէր մտադրվել բիզնեսը ժառանգաբար փոխանցել:
Մեդոֆի մյուս որդին` Մարկը, 2010 թվականին ինքնասպանություն էր գործել:
Հիշեցնենք, որ Բեռնարդ Մեդոֆը ամերիկյան Nasdaq ֆոնդային բիրժայի տնօրենների խորհրդի նախագահն էր և 2009 թվականին դատապարտվեց 150 տարվա ազատազրկման ներդրողներին խաբելու, փաստաթղթերը կեղծելու համար: Տարբեր գնահատականներով՝ նրա պատճառած վնասը հասնում է 10-65 միլիարդ դոլարի:









































