Վերջերս հեղափոխության միջով անցած Լիբիայում իրականացվել է մշակութային և պատմական արժեքների աննախադեպ կողոպուտ: Հանցագործները ներխուժել են Ազգային առևտրական բանկ և գողացել, այսպես կոչված, «Բենղազիի գանձերը»` հելլենիզմի շրջանի հազարավոր ոսկե և արծաթե մետաղադրամներ և այլ հնություններ, որոնք կարող էին լինել աշխարհի ցանկացած խոշոր թանգարանի հպարտությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, փորձագետները կարծում են, որ սա հնագիտության պատմության մեջ ամենախոշոր կողոպուտն է: Հանցագործներին գտնելու աշխատանքներով արդեն զբաղվում է Ինտերպոլը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:
Լիբիացի հնագետ Հաֆեզ Վալլադայի կարծիքով՝ հնարավոր է, որ գողության մեջ ներքաշված լինեն հենց բանկի աշխատակիցները: Ամենայն հավանականությամբ նրանք փորձել են օգտվել երկրում տիրող քաոսային իրավիճակից: «Դա արել են այնպիսի մարդիկ, ովքեր լավ են իմացել` ինչ են ուզում»,- ավելացրել է հնագետը:
Ամենայն հավանականությամբ կողոպուտը տեղի է ունեցել դեռ 2011թ. մայիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա՝ կողոպուտից գրեթե կես տարի անց: Լիբիայի ազգային անցումային խորհուրդը թաքցրել է ամոթալի փաստը` իր հեղինակությունը միջազգային թատերաբեմում չխաթարելու համար:
Կողոպուտին նախորդել է հրդեհ: Սկզբում կարծել են, որ հրդեհը բռնկվել է երկու կողմերի բախումների հետևանքով: Սակայն արդեն կողոպուտից հետո վարկած է շրջանառվել, որ դա եղել է կողոպուտի սցենարի մի դրվագը: Այնուհետև կողոպտիչները փոս են փորել դեպի բանկի ստորգետնյա գանձարան և պայթուցիկի օգնությամբ կոտրել այն ու առևանգել գանձերը:
Հայտնի է, որ հանցագործները հափշտակել են 7700 ոսկե, արծաթե և բրոնզե մետաղադրամներ, որոնց մեծ մասը հատվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Բացի այդ, հանցագործները գողացել են արձանիկներ և այլ բրոնզե, փղոսկրե և ապակե առարկաներ, ապարանջաններ, թևնոցներ, ականջօղեր, մատանիներ և այլ զարդեր ու թանկարժեք քարեր:
Հնագետների կարծիքով` դա անգին հավաքածու է: «Գողացված հավաքածուն վատ է ուսումնասիրված, և դա անվերադարձ կորուստ է լիբիական մշակույթի համար»,- ասել է իտալացի հնագետ Սերենելլա Էնսոլին:







































