6 տարի տևած վերանորոգումից հետո այսօր տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, բացմանը ներկա են եղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մի շարք պաշտոնատար անձինք և մշակութային ու հասարակական գործիչներ։ Նախագահն իր ելույթում նշել է, որ վերանորոգված Մեծ թատրոնն անկրկնելի է, և, չնայած ժամանակակից տեխնիկային, կարողացել է պահպանել իր ոգին և բազում տարիների ավանդույթները։
Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը երկրի ամենամեծ և ամենահայտնի ազգային թատրոնն է, որտեղ կենտրոնացած են ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային մշակույթի ավանդույթներ։
Մեծ թատրոնը հիմնադրվել է 1825 թ. և այն ժամանակվանից երբեք լիարժեք վերանորոգման չէր ենթարկվել։
Թատրոնի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2005 թ. և դրանց մասնակցել է 956 մարդ։ 6 տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։ Արդյունքում թատրոնի տարածքը կրկնակի մեծացել է՝ հասնելով 80 հազար ք/մ-ի։ Մեծացվել է նաև գլխավոր բեմը, որն այժմ ամենամեծն է Եվրոպայում:









































