Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում ոստիկանության հետ բախումների հետևանքով «Գրավե՛ք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցներից մեկը հոսպիտալացվել է գանգի կոտրվածք ախտորոշմամբ,- հայտնում է CBS News-ը:
Իրաքի պատերազմի վետերան, 24-ամյա Սքոթ Օլսենը ցուցարարներին է միացել գիշերը՝ աշխատանքը ավարտելուց հետո: Ինչպես հայտնել են «Իրաքի վետերաններն ընդդեմ պատերազմի» շարժման ներկայացուցիչները, Օլսենին հարվածել են ցուցարարներին ցրող սպաները: Դեռ հայտնի չէ՝ Օլսենին ինչով են հարվածել: Նա վնասվածք էր ստացել դեռ չորեքշաբթի, բայց լուրը տարածվել է միայն ուրբաթ:
Օքլենդի ոստիկանության պետը հայտարարել է, որ կսկսեն հետաքննություն:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հիվանդանոցի ներկայացուցիչներին, Օլսենին դեռ չեն վիրահատել, քանի որ ուղեղի ուռած հատվածը դեռ շատ մեծ է:
Վնասվածք ստանալուց հետո Օլսենը դարձել է «Գրավե՛ք Ուոլ Սթրիթը» շարժման մասնակիցների խորհրդանիշը: Նույնիսկ համացանցում տեղադրել են «Մեզանից յուրաքանչյուրը Օլսեն է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Օքլենդում սկսել էին քանդել ցուցարարների վրանները, շատերին ոստիկանները ձեռնաշղթաներով են հեռացրել, չնայած նրանք ոչ մի դիմադրություն ցույց չէին տվել:
Դրանից հետո քաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր վրանային ճամբարների քանդելու դեմ, որի հետևանքով և բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ:









































